Ճապոնիայում երկու մահապատիժ են իրականացրել , հայտնում է The Asahi Shimbun–ը: Այսպիսով, Արդարադատության նոր նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացված մահապատիժների թիվը հասել է չորսի:

Հանցագործներից մեկը՝ 75-ամյա Յասուտոսի Կամատային մահապատժի են ենթարկել Օսակիի բանտում: Նրան մեղավոր են ճանաչել հինգ մարդու՝ այդ թվում 9 տարեկան աղջկա սպանության համար: Կամատան երեխային առեւանգել էր դպրոցից վերադառնալու ճանապարհին, իր տուն տարել ու խեղդել:

Բոլոր հանցագործությունները կատարվել էին 1985-1994 թթ. ժամանակահատվածում, հանցագործի մյուս զոհերը 19-45 տարեկան կանայք են:

Օսակիի շրջանային դատարանը Կամատային մահվան էր դատապարտել դեռ 1999–ին, ավելի ուշ այդ վճիը վերահաստատել էր նաեւ Գերագույն դատարանը:

Մահապատժի ենթարկված երկրորդ բանտարկյալը 56-ամյա Ձյունկո Յոսիդան է՝ նրան կախաղան են հանել Ֆուկուոկիի բանտում: Նա Ճապոնիայում մահապատժի ենթարկված հինգերորդ կինն է 1950–ից հետո:

Ըստ դատարանի փաստաթղթերի՝ Յոսիդան ու երեք ուրիշ բուժքույրեր 1998- 1999 թթ. ժամանակահատվածում ծրագրել էին իրենցից երկուսի ամուսինների սպանությունը , ապահովագրական վճար ստանալու նպատակով:

2004-ին Ֆուկուոկիի շրջանային դատարանը Յոսիդային դատապարտել է մահապատժի , 2010-ին այդ դատավճիռը հաստատել էր Գերագույն դատարանը:

Սա արդարադատության նախարար Միցուխիդե Իվակիի կարգադրությամբ իրականացվող մահապատիժների երկրորդ շարքն է: Նախարարը ստանձնել է իր լիազորությունները անցած տարվա հոկտեմբերին: Նախորդ երկու մահապատիժները իրականացվել են դեկտեմբերին, ընդ որում հանցագործներից մեկին մահապատժի էին դատապարտել ատենակալները: Ճապոնիայի Արդարադատության նախարարության տվյալներով , հիմա մահապատժի իրենց հերթին են սպասում եւս 124 բանտարկյալներ: