ԱՄՆ Հյուսիսային Քարոլինայի նահանգում ոստիկանությունը կալանավորել է Ջեյմս Մայերս կրտսերին 14 տարի տեսաերիզը վարձույթի սրահին չվերադարձնելու համար։ Քոնքորդ քաղաքի բնակչին ձերբակալել էին այն պահին, երբ նա աղջկան դպրոց էր տանում, հայտնում է ABC News-ը։

«Ինձ կանգնեցրին ոստիկանները եւ զննելուց հետո ասացին, որ կալանավորված եմ։ Ինձ թույլ չտվեցին երեխային դպրոց ուղեկցել»,- ասել է Մայերսը։

Ամերիկացուն մեղադրանք են ներկայացրել մանր իրավախախտման համար։ Նա պետք է 200 դոլար տուգանք վճարի։ Գործով դատական նիստը կայանալու է ապրիլի 27-ին։

2002-ին Մայերսը J&J Video վարձույթի սրահից վերցրել էր «Գնա՛ գրողի ծոցը, Ֆրեդի՛» ֆիլմը եւ այդպես էլ չէր վերադարձրել։ Վարձույթի սրահը 10 տարի առաջ փակվել էր, սակայն տղամարդու պարտքն այդպես էլ մնացել էր չմարված։

«Գնա՛ գրողի ծոցը, Ֆրեդի՛» ֆիլմում գլխավոր դերը կերտած կանադացի դերասան Թոմ Գրինը, իմանալով կատարվածի մասին, զանգահարել է Մայերսին եւ իր օգնությունն առաջարկել։