Երեւանի Նոր-Նորք թաղամասում 2014թ. հուլիսին արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Գեւորգ Սարգսյանի («Ջունգլ») հակաիրավական վարքագծի վերաբերյալ բավարար ապացույց է ներկայացված, նա պետք է կալանավորվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադանը՝ անդրադառնալով մեղադրողի՝ Գեւորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը փոխարինելու կալանավորման մասին միջնորդությանը։
«Եթե դատարանը օբյեկտիվ գտնվի, պետք է բավարարի մեղադրողի միջնորդությունը։ Ես կարծում եմ, որ կա հիմքը, որպեսզի խափանման միջոցը փոխվի եւ ընտրվի կալանավորումը, որովհետեւ նրա հակաիրավական վարքագծի վերաբերյալ բավարար ապացույց է ներկայացվել մեղադրողի կողմից»,-նշեց փաստաբանը։
Տիգրան Մուրադյանի խոսքով՝ ըստ Գեւորգ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին մեղադրողի միջնորդության, վերջինը հակառակ իր պաշտպանյալի պնդումների, ոչ միայն բնակության վայրը չլքելու պարտավորվածություն է խախտել, այլեւ լինելով այս գործում ներգրավված՝ կատարել է մեկ այլ հանցանք, ինչը բավարար հիմք է, որպեսզի դատարանի որոշմամբ նա կալանավորվի։
«Միջնորդության մեջ առկա է տվյալ, որ տվյալ անձը հարվածել է մեկ այլ անձի, եւ քանի որ հարվածը եղել է մեկ անգամ, ըստ հաստատված տվյալների, քրեական գործն ընթացք չի ունեցել, բայց ասվել է, որ հակաիրավական վարքագիծ է դրսեւորվել։ Այստեղ խնդիրը միայն բնակության վայրի հետ կապված հարցը չէ»,-նշեց փաստաբանը։
Անդրադառնալով Գեւորգ Սարգյանի սկզբնական խափանման միջոց կալանավորմանը, որը փոխարինվել էր ստորագրությամբ չհեռանալու մասին, Տիգրան Մուրադյանը նշեց, որ դատարանը նման որոշում է կայացրել՝ առաջնորդվելով հանձնաժողովային «շինծու» եզրակացությամբ, որով իբրեւ թե Վարդան Թումանյանի մահը վրա է հասել ոչ թե ծեծի, այլ սրտի բնածին արատի հետեւանքով։
«Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անձի մահվան վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվում։ Մակերեսային ենթադրությունների վրա հիմնվելով, գնահատականներ տալով, առաջ են անցնում, այսպիսի իողության հետ գործ ունենք այս դեպքում»,-հավելեց փաստաբանը։
Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված էր նաեւ այլ քրեական գործում, որի հարուցումը, սակայն մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։
Վարդան Թումանյանի մահվան մեջ մեղադրվող երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ):



























