Արցախի հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետները սահմանադրական բարեփոխումների իրականացման նպատակահարմարության հարցում խիստ տարբերվում են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը հայտնեց, որ կուսակցությունն անհրաժեշտ է համարում բարոփոխումների անցկացումը, սակայն առարկայական քննարկումներ դեռեւս չեն եղել: «Սա դեռեւս գործընթացի սկիզբն է: Մինչեւ մայիսի 1-ը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ կներկայացվի: Մինչեւ սեպտեմբերի 10-ն էլ ծրագրվում է փոփոխությունների նախագիծ պատրաստել»,- նշել է Բաղրյանը:
Նախնական տվյալներով, հանրաքվեն, հնարավոր է, կայանա դեկտեմբերի 10-ին: Դա մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, իսկ Լեռնային Ղարաբաղի համար նշանակալի ամսաթիվ է, քանի որ 1991 թվականի այդ օրն անցկացվել է ԼՂՀ անկախության մասին հանրաքվեն, իսկ 2006 թվականին՝ ընդունվել գործող Սահմանադրությունը:
«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով էլ, կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ կարծում է, որ չի կարելի յուրաքանչյուր 10 տարին մեկ փոխել Սահմանադրությունը: «Դա բացասական նախադեպ է, քանի որ յուրաքանչյուր իշխանություն երկրի հիմնական օրենքը փոխում է՝ իր ճաշակին համապատասխան, ինչը կարող է վատ անդրադառնալ Արցախի կերպարի վրա»,- նշեց նա: Ամեն դեպքում, կուսակցությունը կմասնակցի գործընթացին եւ կհետեւի դրան:
«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը հրաժարվեց կարծիք հայտնել՝ պատճառաբանելով, որ մեկ ամիս շարունակ գործուղման մեջ է եղել եւ բացակայել է ԼՂՀ-ից: Իսկ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Արթուր Աղաբեկյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներ, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են: Սակայն հարկավոր է քննարկել, թե ինչպիսին պետք է լինեն դրանք:
«Դաշնակցություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը (խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը մեկնել է արտերկիր՝ գործուղման): «Մենք միշտ խոսել ենք խորհրդարանական կառավարման անհրաժեշտության մասին՝ երկրի ապագայի տեսանկյունից: Մտադիր ենք ակտիվորեն մասնակցել գործընթացին, բնակչությանը տեղեկացնել համակարգի դրական կողմերի մասին: Կարծում ենք՝ դա ճիշտ ճանապարհ է»,- հայտարարեց Վահրամ Բալայանը:





























