Հայաստանի հանրապետական կուսակցության աշնանը սպասվող համագումարից առաջ եղել է առաջարկ կազմել աշխատանքային խումբ եւ փոփոխություն կատարել կուսակցության ծրագրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։
«Դեռ ոչինչ հայտնի չէ, ընդամենը սպասվող համագումարից առաջ քննարկվում է կուսակցության ծրագրային ու կանոնադրական դրույթներում փոփոխությունների հարցը։ Խոսքն այն մասին է, որ աշխատանքային խումբ ստեղծվի ու զբաղվի դրանով, թե որոնք կփոխվեն, կերեւա քննարկումների ընթացքում»,-ընդգծեց նա:
Նիկոյանը չբացեց փակագծերը, թե որ դրույթներն են փոփոխության ենթարկելու՝ շեշտելով, որ դեռ աշխատանքային խումբը պիտի այն քննարկի։ Նրա խոսքով, որպես կանոն համագումարից առաջ նման անհրաժեշտություն ծագում է։
«Ծրագրային փոփոխության մասին հայտարարությունը ընդունեք կուսակցության զարգացման տրամաբանության մեջ։ Ընդամենը եղել է առաջարկ՝ քննարկել ծրագրային փոփոխության հարցը»,- իր խոսքն ամփոփեց Նիկոյանը:




























