Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարացնելու հարցը քննող դատավորն այսօր՝ մարտի 25-ին, մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Այս մասին լրագրողներին ասաց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը ներկայացրել էր միջնորդությունը Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Փաստաբանը նշեց, որ դատարանը ավարտել է քննչական մարմին ներկայացրած միջնորդության քննությունը, հեռացել է որոշում կայացնելու: Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ քննիչը դատարանին է ներկայացրել դեպքի վերաբերյալ տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինպես է ինչ-որ մեկը ոտքով հարվածում մեկ ուրիշի: Տեսանյութում, ըստ փաստաբանի, միայն ոտքեր են երեւում եւ հասկանալի չէ՝ ով ում է հարվածում: Նա նշեց, որ տեսանյութը նկարահանել էր գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը:
Նշենք, որ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջեւ: Նրանք իրենց հետ են բերել Գեւորգ Սաֆարյանի լուսանկարով պաստառներ:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է լրացուցիչ քննության: Գործի նախաքննությունն ավարտվել էր, սպասվում էր, որ այն պետք է ուղարկվի դատարան: Եթե քննիչը նոր միջնորդություն չներկայացնի Սաֆարյանը ապրիլի 1-ից ազատության մեջ կլինի, քանի որ այդ օրը լրանում է կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:



























