ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Ա.Սիմոնյանը, որպես ուռոլագիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, ծառայել է թիվ  N զորամասում եւ ունեցել նույն բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ինչպես նաեւ բաժանմունքի բուժքույրերին բուժվող զինծառայողների բուժման եւ հետվիրահատական շրջանում նրանց խնամքի հետ կապված ցուցումներ եւ հանձնարարություններ տալու կարգադրիչ լիազորություններ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հերթական արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողին բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման ընդունելու համար պահանջել եւ զինվորական հոսպիտալի իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերով կաշառք, որից հետո իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ այլ բժշկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Խ.Խաչատրյանին ստացիոնար բուժման ընդունելու շուրջ:

Արդյունքում՝ զինծառայողը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կողմից տրված ուղեգրի հիմքով ստացիոնար բուժման է ընդունվել ՀՀ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ, իսկ որոշ ժամանակ անց ստացիոնար բուժման ընդունվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի թռիչքային փորձաքննությունների բաժանմունք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մարտի 24-ին Ա.Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: