Հայաստանի Հանրապետական կուսակցության կուսակցական դպրոցում կդասավանդեն նրանք, ովքեր վաստակել են դա եւ համապատասխան գիտելիքներ ունեն: Այդ մասին մարտի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այն հարցին, թե արդյոք երիտասարդ կուսակցականներին «խելք-շնորհք» են սովորեցնելու այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մհեր Սեդրակյանը կամ Առաքել Մովսիսյանը, Աբրահամյանը պատասխանել է. «Առայժմ չի քննարկվել, թե ով է դասավանդելու: Հարցը քննարկման փուլում է»:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխող կուսակցության` կուսդպրոց ստեղծելու որոշման մասին մարտի 24-ին հայտնել էր ՀՀԿ-ի մամուլի քարտուղար, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Դպրոցը կանվանակոչվի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով:





























