ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի վերջինին համոզի աջակցել Սիրիայում Բաշար Ասադի կառավարմանը վերջ դնելուն: Այս մասին գրում է AFP-ն:

Պուտինը Քերրիին ընդունեց ջերմ խոսքերով՝ շնորհակալություն հայտնելով «գործնական» մոտեցման համար եւ ողջունելով ԱՄՆ-ին Սիրիայում հրադադարի հաստատման գործում միջնորդությանն աջակցելու համար: Քերրին իր հերթին գովաբանեց կառավարական ուժերին եւ ընդդիմությանը՝ ռազմական գործողությունների նվազեցման համար եւ կոչ արեց «առավել մեծ առաջընթացի հասնել» հակամարտության կայուն քաղաքական կարգավորման ճանապարհի որոնման ուղղությամբ:

Լավրովի հետ հանդիպման ընթացքում Քերրին նշեց, որ Բրյուսելի հարձակումները ցույց տվեցին, որ երկրները պետք է միավորվեն, իսկ Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ դիվանագիտական ջանքերն ուղղված էին սիրիական ճգնաժամում ներառված կողմերի, այդ թվում՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ «շահերի հավասարակշռության» ստեղծմանը:

Սակայն, ըստ հեղինակի, ԱՄՆ-ում պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ սիրիական ընդդիմությունը կհեռանա Ժնեւի բանակցային գործընթացից, եթե Ռուսաստանի դաշնակից Ասադը չհամաձայնի լքել պաշտոնը: Վաշինգտոնում կարծում են, որ Սիրիայից ռուսական զորքերի մի մասի դուրսբերումը հնարավորություն ստեղծեց ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ սիրիական ռեժիմի վերաբերյալ դիրքորոշումը փոխելու համար: Ժնեւի բանակցություններին մասնակցող ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են, որ հույս ունեն, որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Ասադի ռեժիմի վրա:

Որպես Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի միջնորդի դերի ամրապնդման նշան՝ Քերրին եւ Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեցին Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ-Նահայանի հետ:

Հեղինակը նշում է, որ Քերրիի այցը համընկավ Բրյուսելի հարձակումներից հետո Եվրոպայում անվտանգության ճգնաժամի հետ, որի հետեւանքով 31 մարդ զոհվեց: Լավրովը Եվրոպային նաեւ կոչ արեց դադարեցնել «աշխարհաքաղաքական խաղերը» եւ միավորվել ահաբեկչության դեմ պայքարում, այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում է Սիրիայում հարվածները: