Ավելի քան 5300 տարի առաջ ներկայիս Ռուսաստանի հարավ-արևմտյան տարածքում ապրած տղամարդը կարող էր տառապել միզուղիների խրոնիկական վարակով, որը հանգեցրել էր երիկամում կամ միզապարկում քարի առաջացմանը։ Նման եզրակացության են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով նրա գերեզմանում հայտնաբերված անսովոր առարկան։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archaeological and Anthropological Sciences հանդեսում։
Տղամարդուն թաղել էին մոտ 40 տարեկանում՝ Ստավրոպոլի բարձրավանդակում գտնվող մեծ հողաթմբի տակ կառուցված կատակոմբում։ Նրա կմախքի կողքին հնագետները գտել էին կայծքարե նետասլաք։ Սակայն մոտ 2,1 սմ չափով անսովոր կլորավուն առարկան հայտնաբերվել էր ավելի ուշ՝ ձեռնաթաթի ոսկորների լաբորատոր ուսումնասիրության ժամանակ։
Դրա բնույթը պարզելու համար գիտնականները մի շարք վերլուծություններ են կատարել։ Նրանք պարզել են, որ առարկան հիմնականում կազմված է կալցիումի և ֆոսֆորի միացություններից։ Բացի դրանից, առարկայում հայտնաբերվել է հազվագյուտ հանքանյութ՝ վիտլոկիտ, որը հանդիպում է երիկամների, միզապարկի և շագանակագեղձի քարերում և կապված է բակտերիային վարակների հետ։
Հետազոտողների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, տղամարդու երիկամում քար է առաջացել վերին միզուղիների խրոնիկական վարակի հետևանքով։ Նման վարակները կարող են նպաստել հանքային նյութերի կուտակմանը և քարերի ձևավորմանը։ Ինչպես նշել է հետազոտության ղեկավար, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մարդաբան Նատալյա Բերեզինան, հիվանդությունը, հավանաբար, երկար է տևել և կյանքի վերջին տարիներին կարող էր տղամարդուն մշտական ցավ պատճառել։
Գիտնականներին չի հաջողվել պարզել՝ արդյոք հենց այդ հիվանդությո՞ւնն է դարձել նրա մահվան պատճառը։ Անհայտ է նաև՝ քարը երիկամո՞ւմ էր, թե՞ միզապարկում. նման գոյացությունները կարող են տեղաշարժվել օրգանների միջև։
Եթե քարը խցանել էր միզածորանը՝ խողովակը, որով մեզը երիկամից անցնում է միզապարկ, դա կարող էր հանգեցնել երիկամի վնասման, երկրորդային վարակի կամ սեպսիսի։ Մինչև հակաբիոտիկների ի հայտ գալը նման բարդությունները հաճախ մահով էին ավարտվում։



























