5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ բջջային հեռախոս պահելու համար իրեն վարչական տույժի ենթարկելու որոշման, ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը:
Ռոբերտ Ռեւազյանը տեղեկացրեց, որ քննությունը Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է այսօր՝ մարտի 25-ին: Որոշումը կհրապարակվի մարտի 30-ին:
Նշենք,որ ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի նկատմամբ բջջային հեռախոս պահելու համար սահմանվել է վարչական տույժ եւ դրա հետեւանքով նա 5 տարով զրկվել է վաղաժամկետ ազատման իրավունքից:
Նշենք, որ Արթուրը, որ 19 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մարտի 3-ին քրեակատարողական հիմնարկից դուրս էր եկել: Նա 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով 1997 թ. դատապարտվել է մահապատժի, որն այնուհետեւ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Արթուրը պնդում է, որ անմեղ է, ծառայակիցներին սպանել են իրեն անծանոթ մարդիկ, որոնք դեպքի օրը իր հետ եղել են մարտական հենակետում, որտեղ կատարվել է սպանությունը:



























