Հայաստանում պահպանվում է բնակարանները դոլարով գնահատելու սովորույթը: Այս մասին Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց անշարժ գույքի գնահատման «Օլիվեր Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Ադուրյանը:
Այդ պատճառով էլ 2014 թվականի վերջին բնակարաննեի գներն աճեցին. այն ժամանակ դոլարը հայկական դրամի հանդեպ թանկացավ 15%-ով, սակայն բնակարան վաճառող քաղաքացիները չէին ցանկանում զիջել դոլարային գնի հարցում:
«Ով բնակարանը 50 հազար դոլարով էր վաճառում, նույն 50 հազարն էլ պահանջում՝ չնայած դրամով գինը շուրջ 15%-ով ավելի էր ստացվում: Բայց չէ՞ որ վերջնական գործարքը դրամով է իրականացվում»,- նշեց Ադուրյանը:
Միաժամանակ, 2014 թվականի սկզբին եւ կեսերին (նույնիսկ մինչեւ նոյեմբերի վերջ) բնակարաններն ավելի էժան էին, քան հիմա: Այդ պատճառով 2014-ի վերջին բնակարանների գներն աճեցին, բայց, ընդհանուր առմամբ, դոլարի տատանումներին համարժեք: Իսկ 2015-ին գները սկսեցին նվազել, եւ դեկտեմբերին բնակարաններն արդեն 9%-ով ավելի պակաս արժեին, քան հունվարին:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ընթացքում Երեւանում բնակարանների մեկ քառակուսի մետրն արժեցել է 323 հազար դրամ կամ 4.6%-ով պակաս, քան 2015-ին (338 հազար դրամ):




























