Պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը։ Այդ մասին Արագածոտնի մարզում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որն աշխատանքային այցով մեկնել էր մարզ։
Այցի շրջանակներում նախարարն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ, մասնավորապես` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացել է գյուղացիների կողմից բարձրացված խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են մսի իրացման, անասնակերի, ոռոգման ջրի, ճանապարհների վերանորոգման հարցերին, քննարկել դրանց լուծման հնարավորությունները: Դավիթ Լոքյանը գյուղացիներից հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրեր կարող է համայնքն իրականացնել այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Նա նշել է, որ պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը, որով փորձ է արվելու ներդրումային քաղաքակության ճանապարհով համայնքները ֆինանսապես ավելի կայուն դարձնել: Միեւնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ համայնքի բնակիչն ինքը պետք է ավելի շատ նախաձեռնող լինի եւ առաջարկներ ներկայացնի, որոնք ուղղված կլինեն իր խնդիրների լուծմանը: Այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելել է նաեւ վերոնշյալ համայնքների դպրոցներ, ծանոթացել կրթահամալիրների շենքային պայմաններին:
Նախարարի հաջորդ կանգառը եղել է Կոշ համայնքում գտնվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի գործարանը, որտեղ գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն Ասլանյանի, գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ նախարարը Դավիթ Լոքյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասում, ծանոթացել գործարանի հզորությանը եւ ընկերության զարգացման ծրագրերին: Ներկայումս ընկերության խաղողի եւ պտղատու այգիների տարածքը կազմում է 125 հա: Նախարարին ներկայացրել են, որ ընկերությունը մասնակիորեն լուծում է տեղի համայնքների բնակիչների զբաղվածության հարցը. գյուղատնտեսական աշխատանքների շրջանում հարեւան համայնքներից այստեղ աշխատում է շուրջ 200 մարդ:
Այնուհետեւ նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն, շրջայց կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել շենքային եւ աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին:
Կենտրոնի ղեկավար կազմի հետ նախարարը քննարկել է կենտրոնի արդիականացմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ, այժմ Աշտարակի բժշկական կենտրոնն ունի հիմնանորոգման, նորագույն բժշկական սարքավորումներով հագեցվելու խնդիր: Դավիթ Լոքյանը նշել է, որ կենտրոնի կարիքներն ամբողջացնելուց հետո այս հարցը կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարի հետ:































