Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ոչ կոմֆորտային եւ վտանգավոր օրերի թիվը 60-ից հասել է 334-ի, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2015թ. միջին տարեկան ջերմաստիճանը Հայաստանում նորմայից (5.50C) 1.50 C բարձր է եղել, իսկ տեղումների քանակը նորմայից (592մմ) ավելի էր 29 մմ /կազմել է 621 մմ/: Այս մասին Օդերեւութաբանության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը:
«Հայաստանում, ըստ մեր գնահատականների, սկսած 1929 թվականից մինչեւ 2010 թվականը, ջերմաստիճանը 1961-1990 թթ. նորմայից (5.50 C) բարձր էր 1.030 C-ով: Մինչեւ 2014 թվականն այն դարձավ 1.140 C, իսկ ահա 2015 թվականին այն հասել է 1.220C-ի, ինչը 0.330C-ով բարձր է գլոբալ միջին ջերմաստիճանից եւ նպաստում է կլիմայական ռիսկերի ավելացմանը»,- ասաց Լեւոն Վաարդանյանը: Երեւանում տաք ալիքների ռեկորդային արժեքը դիտվել է 2015թ. հուլիս-օգոստոսին` 3 դեպք, յուրաքանչյուրը 8-10 օր տեւողությամբ:
2015 թվականը գլոբալ միջին ջերմաստիճանի առումով ռեկորդային է համարվում, քանի որ ջերմասիտիճանը 1⁰C-ով գերազանցել է մինչարդյունաբերական ժամանակաշրջանի /1880-1899թթ./ միջին ջերմաստիճանը: Դրա հիմնական պատճառներն են` Էլ-Նինիո երեւույթը (Խաղաղ օվկիանոսի վերին շերտերում բնական տատանումներ, որոնք կոչվում են Էլ Նինիո) եւ գլոբալ տաքացման մեջ մարդու գործունեության ազդեցությունը: 2015թ. ամենատաքն էր նաեւ օվկիանոսի մակերեւույթի ջերմաստիճանի առումով, այն ունեցել է ամենամեծ արժեքը, որը երբեւէ դիտվել է:





























