ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի տարածքում այսօր՝ մարտի 26-ին, վաղ առավոտյան հակառակորդի արկակոծման հետեւանքով վիրավորված 27-ամյա Երվանդ Ֆիրյանի վիճակը լավ է, առաջին բուժօգնությունը ստանալուն պես դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թաղավարդի գյուղապետ Լեւոն Ալավերդյանը:

«Գլխի շրջանում է Երվանդը վիրավորվել, վիրակապ են դրել եւ հիմա արդեն դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց Լեւոն Ալավերդյանը:

Գյուղապետը հայտնեց, որ Երվանդ Ֆիրյանը զբաղվում է գյուղատնտեսությամբ, վիրավորվել է հողամասում աշխատելու ընթացքում:

Ավելի վաղ ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետեւանքով վիրավորում է ստացել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ, 27-ամյա Երվանդ Կարոյի Ֆիրյանը:

Մանրամասները ճշտվում են: