Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներն այսօր պետական աջակցություն չեն ստանում: Այս մասին այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Լիանա Բալյանը:
«Ճիշտ է` ՀՀ-ում գործում է Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին օրենքը, սակայն, իրականում, այդ օրենքը մնացել է թղթի վրա, չի գործում: Բազմազավակ ընտանիքները ստանում են քիչ նպաստ, դասվում են ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցող ընտանիքների կարգին, քանի որ նրանք չունեն պետության աջակցությունը»,-նշեց փաստաբանը:
Լիանա Բալյանը հարցի լուծումը տեսնում է Բազմազավակ մայրերի իրավունքների պաշտպանության մասին օրենք ընդունելու մեջ, ինչի ուղղությամբ արդեն աշխատում է:
Առաջիկայում Ազգային ժողով ներկայացվելիք օրինագծով փաստաբանն առաջարկում է մի շարք արտոնություններ տալ բազմազավակ ընտանիքներին:
Ըստ նրա բազմազավակ ընտանիքների անդամները պետք է անվճար բուժսպասարկում ստանան, երեխաները` անվճար հիմունքներով սովորեն մասնավոր դպրոցներում եւ բուհերում, պետությունը պետությունը պետք է աջակցի նրանց վճարել կոմունալ ծախսերը եւ նույնիսկ բնակարաններ հատկացնի, իսկ գյուղական վայրերում բնակվող բազմազավակ ընտանիքներին պետք է հողատարածք, ընտանի կենդանիներ եւ տեխնիկա տրամադրվի: Ավելին` փաստաբանը պնդում է` բազմազավակ մայրերը պետք է պետական շքանշանով պարգեւատրվեն:
«Հայ ազգ հին ազգ է, պետք է շատանա, իսկ շատ ընտանիքներ խուսափում են շատ երեխաներ ունենալուց, քանի որ մտածում են` չեն կարող պահել երեխաներին: Պետությունը պետք է խրախուսի, աջակցի նորաստեղծ ընտանիքներին բազմանալ, իսկ բազմազավակ մայրերը պետք է մեդալ ստանան: Այս նոր օրենքը, կարծում եմ, որ հարցի միակ լուծումը կլինի»,-նշեց փաստաբանը:





























