Մաշտոցի պողոտայում մարտի 24-ին բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավասու մարմիններից համապատասխան պարզաբանումներ է պահանջել:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն անմիջապես այցելել եւ առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլոր քաղաքացիների հետ: Ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումից հետո բերման ենթարկվածները հնարավորություն են ունեցել նաեւ հանդիպելու իրենց տեսակցության եկած փաստաբանին:

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր տեղափոխվել էր Ռուզաննա Եղնուկյանը:

Այցելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում մարտի 24-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել: Գեւորգ Սաֆարյանի աջակիցները փորձել են փակել պողոտան, ոստիկանները սակայն նրանց հեռացրել են, ինչից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց է սկսվել: Բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք է ստացել Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության համաձայն՝ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հայհոյել են, հարվածներ հասցրել: 

Ոստիկանությունից մեզ հաղորդել էին, որ բերման ենթարկվածների թիվը 14-ն է: Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածը խախտելու հիմքով: