Համլետ Գ.-ն մեղադրվում է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Համլետը 2015թ. օգոստոսի 1-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվել է 5-ամյա աղջնակի անօգնական վիճակից եւ տարբեր օրերի սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Համլետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Նա կալանավորված է:
Համլետի փաստաբան Էդվարդ Չինարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այլ մանրամասներ փաստաբանը հրաժարվեց հայտնել՝ հորդորելով մասնակցել դատական նիստերին:
Նշենք, որ գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հայաստանյան դատարաններից մեկը: Դատական նիստի օր դեռեւս չի նշանակվել:



























