Տավուշի մարզում մարտի 25-ին, երեկոյան Արբեջանի զինուժի կրակոցից վիրավորված 64-ամյա Նորիկ Ալիխանյանի վերքը չթափանցող է. վիրահատության կարիք չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:
«Տավուշի մարզից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը կայուն է գնահատվում: Տուժածի մոտ առկա է ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել են փափուկ հյուսվածքները: Հիվանդն ունի նաեւ երրորդ կողի կոտրվածք: Մինչեւ «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Իջեւանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկել վերքը, դադարեցվել է արնահոսությունը»,-նշել է նա ու հավելել, որ «Էրեբունի» ԲԿ-ում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները:
«Հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի եւ բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Վիրահատության կարիք տուժածը չի ունենա»,-նշել է Հունանյանը:
Նշենք, որ Նորիկ Ալիխանյանը Բերքաբերի բնակիչ է: Նա վիրավորում է ստացել ուսի շրջանում հենց իր տան մոտ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաեւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր եւ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաեւ բնակավայրերի եւ քաղաքացիական անձանց գնդակոծությունից:
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:
ՀՀ զինված ուժերը եւ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված եւ ադրբեջանական կողմի զսպման գործողությունների»:



























