ԴԱՀԿ աշխատակիցները Արարատի մարզի Գետափնյա գյուղում գտնվող տնից մարտի 25-ին վտարել են ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանին եւ նրա 11 հոգանոց ընտանիքին: Արցախյան պատերազմի մասնակից Խաչիկ Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ԴԱՀԿ աշխատակիցներն առավոտյան գնացել են իրենց տուն, ջարդել դուռը եւ հարկադրաբար իրենց հանել տնից եւ ինքը ստիպված է եղել ընտանիքի հետ գիշերն անցկացնել հարազատների տանը:
Խաչիկ Գասպարյանը Գերմանիայում բուժվելու համար 6 ամիս պայմանագրով 23 հազար ԱՄՆ դոլար է վերցրել վաշխառու Արտակ Մարտիրոսյանից, գումար չունենալու պատճառով ութ ամիս վճարումը ուշացրել է, այնուհետեւ ամբողջությամբ վճարել այն, սակայն դատարանը որոշում է կայացրել նրա ձեռքից վերցնել տունը եւ այն տալ վաշխառուին:
«Վաշխառուն հետո դատարանի միջոցով փորձեց ինձանից ավելի գումար կորզել, սկզբից գումարն ուշացնելու համար որպես տոկոս 10 հազար էր ուզում, ապա՝ 15 հազար, հիմա էլ 20 հազար տոկոս: Հետո առաջին ատյանը տեսավ, որ իրականում 35.500 դոլարից 150 դոլար պակաս եմ տվել, տունս դատարանի որոշմամբ գումարի դիմաց տվեցին վաշխառուին, երեկ էլ ԴԱՀԿ-ն եկավ, մեր դուռը ջարդեց, պարտադրաբար մեր վեշերը փողոց թափելով՝ հանեցին տնից, մեզ էլ հանեցին, քցեցին դուրս: Ո՞վ է այսպիսի բան տեսել, վաշխառուից տոկոսով գումար վերցնես, վճարումը ուշացնես, բայց ամբողջությամբ վճարես ու դատարանը զրկի տնից»,-պատմեց Խաչիկ Գասպարյանը:
Խաչիկ Գասպարյանն օգնության համար պատրաստվում է բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին
«Եթե չօգնեն ոչ մի բանով, իրենց տված մեդալն ուզում եմ մի հատ գառդոնի վրա կախեմ ու տանեմ տամ իրենց ասեմ՝ սա վերցրեք ձեզ, տունս տվեք: Կամ էլ գնամ նախագահականի դիմաց պառկեմ, էլ ինչ կարամ անեմ»,-ասաց նա:



























