Տնակներում ապրող գյումրեցի 3 ընտանիք տեղափոխվել է SOS Gyumri նախաձեռնության շրջանակում իրենց հատկացված նոր բնակարանները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության հեղինակ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը`հավելելով, որ եկող շաբաթ տնակներից նոր բնակարաններ տեղափոխվող ընտանիքների թիվը կհասնի 8-ի:
«3 ընտանիք արդեն տեղափոխվել են, 5-ն էլ արդեն տեղյակ են, որ տեղափոխվելու են, բանալիներն արդեն իրենց մոտ են: Մնում է` տեղափոխման հարցերը լուծենք»,-նշեց նախաձեռնության հեղինակը:
Հայկ Բարսեղյանի խոսքով` գույք չունեցող ընտանիքների համար գնում են նաեւ առաջին անհրաժեշտության բնակարանային իրեր` բազմոց, բազկաթոռներ, սեղան, աթոռ, մահճակալ:
«Ընտանիքներ կան, որ ինչ-որ գույք ունեն, իրենց համար քիչ բան ենք գնում, կան ընտանիքներ, որ ոչինչ չունեն, իրենց համար ավելի շատ գույք ենք գնում: Գյումրիում կան կահույքի արտադրամասեր, որոնք շուկայականից անհամեմատ ցածր գնով կահույք են վաճառում»,-ասաց նա:
Հայկ Բարսեղյանը նշեց, որ նոր ձեռք բերված կահույքի եւ ընտանիքների իրերի տեղափոխման հարցում եւս նրանց աջակցում են:
Նշենք, որ նախաձեռնության շրջանակում նվիրատվության կարգով ձեռք է բերվել 22 բնակարան, մինչդեռ SOS Gyumri խորագրով դրամահավաքի հասույթով ի սկզբանե նպատակ էր դրվել 13 անօթեւան ընտանիքի բնակարաններով ապահովել:
22 բնակարաննեից զատ միջազգային Crowdfunder կայքում հավաքվել է մոտ 26 000 ֆունտ ստերլինգ, իսկ բարեգործական համերգների եւ փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87 000 ՀՀ դրամ:
Դրամահավաքին անդրադարձել են միջազգային լրատվամիջոցները, աջակցություն է ցույց տվել Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, հայտնի ֆուտբոլիստներ: Իսկ գյումրեցի հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը անօթեւաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ:






























