Երեւանի Ազատության հրապարակում, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 16:00-ին մեկնարկել է ստորագրահավաք ի պաշտպանություն մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախման ժամանակ ճակատի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանի եւ ընդդեմ ոստիկանության բռնությունների: NEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ «Հայ կանանց ճակատի» անդամ Նառա Բադալյանը նշեց, որ ստորագրահավաքը նպատակ ունի բարձրաձայնել քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից պարբերաբար կիրառվող բռնությունների մասին:
«Այս ստորագրահավաքով մենք ուզում ենք ցույց տալ, թե որքան մարդիկ են համամիտ մեզ հետ եւ զորակցում մեզ, որ ոստիկանությունը չի բարեփոխվել, բարեփոխվել է միայն նրանց դրես-կոդը: Նրանք շարունակում են բռնություններ կիրառել քաղաքացիների, այդ թվում նաեւ կանանց նկատմամբ»,-ասաց նա:
Նառա Բադալյանը նշեց, որ ստորագրահավաքը կտեւի մինչեւ ապրիլի 7-ը, քաղաքացիները կարող են իրենց ստորագրությունները թողնել ամեն օր Ազատության հրապարակում, ժամը 16:00-18:00-ն, իսկ ապրիլի 7-ի ստորագրահավաքին կհաջորդի ոստիկանության բռնությունների մասին բարձրաձայնող երթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցայի մասնակիցներից 14-ը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ըստ «Նոր Հայաստանի», սակայն բերման ենթարկվածների թիվը 16-ն է: Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք էր ստացել Ռուզաննա Եղնուկյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց:
Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության՝ ակցիայի ընթացքում ոստիկանները հայհոյել եւ հարվածներ են հասցրել ի նշան բողոքի իրենց շղթայած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին:



























