«Յունիգրաֆ» ընկերության գործունեությունը, որը նախկինում էլ էր կենդանիների իրավունքների պաշտպանների քննադատության առարկան դարձել, վերջին ժամանակներս ավելի սուր հանդիմանությունների է արժանանում:
Հիշեցնենք, որ «Յունիգրաֆը» ամեն տարի հաղթում է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում, եւ նրան է տրվում թափառող շներին որսալու եւ ամլացնելու իրավունքը: Այդ նպատակով ամեն տարի հատկացվում է 200 մլն դրամ:
Սակայն կենդանիների իրավունքների պաշտպանները պնդում են, որ ընկերության գործունեությունը չի համապատասխանում չափանիշներին. վանդակները, որոնցում պահվում են կենդանիները, ինչպես նաեւ մեքենան հատուկ մշակում չեն անցնում, կենդանիներին վիրահատում են խախտումներով, հաճախ ընդամենը ամլացման տեսլական են ստեղծում եւ հիվանդ, արյունահոսող կենդանուն թողնում փողոցում, շան ձագերի վզներին հագցվող վզկապները կոպիտ են, եւ մի քանի ամիս նման վզկապ կրելը սպառնում է խեղդամահ անել կենդանիներին: Կենդանիների իրավունքների պաշտպանները նաեւ պնդում են, որ ընկերության ներկայացուցիչները կենդանիներին որսալու փոխարեն, ուղղակի առանց տարբերակելու, կրակում են նրանց վրա:
Դրան ի պատասխան՝ «Յունիգրաֆի» ներկայացուցիչները կենդանիների իարվունքների պաշտպաններին մեղադրում են իրականությունն աղավաղելու եւ դատարկախոս մեղադրանքների մեջ: Հատկանշական է, որ քաղաքապետարանի պաշտոնյաները, չփորձելով անգամ ստուգել այդ մեղադրանքների իսկությունը, պաշտպանեցին ընկերությանը:
Տեղանքի եւ կենդանիների վիճակի մասին անձամբ տեղեկություններ ստանալու նպատակով NEWS.am-ի թղթակիցները այցելեցին «Յունիգրաֆ» ստացիոնար՝ նպատակ ունենալով բացառապես անաչառ լուսաբանել կատարվածը:
Ի զարմանս թղթակիցների՝ նրանց կտրականապես արգելեցին մտնել տարածք: Պահակը մերժումը հիմնավորում էր ղեկավարների բացակայությամբ: Թղթակիցները խնդրեցին զանգահարել ընկերության ներկայացուցչին եւ բացատրել այցի նպատակը: Որպես Լիլիթ ներկայացած կինը (ըստ երեւույթին մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը) կտրուկ հայտարարեց, որ եթե մամուլը ներկայացել է առանց նախապես զանգահարելու, ապա նկարահանումներն ինքը նպատակահարմար չի համարում: Իսկ եթե նախապես զգուշացնեին, ինքը թույլտվությյուն կտար: Այն հիշեցումները որ ստացիոնարը ռեժիմային օբյեկտ չէ, եւ հասարակության ներկայացուցիչները, առավելս եւս մամուլը, իրավունք ունեն այցելել այն առանց այցը նախապես համաձայնեցնելու, կնոջը չտպավորեցին:
«Յունիգրաֆ» ընկերության ներկայացուցիչների պահվածքը, որոնք կտրականապես հրաժարվում են մամուլի ներկայացուցիչներին ստացիոնարի տարածք թողնել առանց ծանուցման եւ, հավանաբար, տարածքը նկարահանումների համար նախապատրաստելու, կասկածներ է առաջ բերում, որ ընկերությունը ինչ-որ բան է թաքցնում:





























