Մարտի 28-ի առավոտյան հրշեջ ծառայությունների աշխատակիցները երկու ժամ պայքարել են Թբիլիսիի կենտրոնում՝ էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության շենքում բռնկված հրդեհի հետ, այս մասին «Նովոստի Գրուզիա» գործակալությանը հայտնել են ՆԳՆ «112» անհապաղ օգնության կենտրոնից:
Հրդեհի մարմանը միացել էին 11 հրշեջ ու փրկարարական ջոկատներ:
«Հրդեհը սկսվել էր արեւածագին: Այրվում էին վեցերորդ ու յոթերորդ հարկերի սենյակներն ու առաստաղը: Այրվում էր 400-500 քառակուսի մետր մակերեսով տարածք: Հրդեհն արդեն մարվել է: Տուժածներ չկան»,- ասել է «112» Կենտրոնի մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Նիկոլեիշվիլին:
Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 188 հոդվածով ( անզգուշության հետեւանքով գույքի վնասում կամ ոչնչացում), ինչը պատժվում է տուգանքով կամ մինչեւ մեկ տարի ուղղիչ աշխատանքներով, կամ էլ մինչեւ երկու տարի ազատազրկումով:
Էկոնոմիկայի նախարարությունը ժամանակավորապես է գտնվում Չանտուրիա փողոցի այս շենքում: 2015-ի հունիսին այն վաճառել էին մասնավոր ներդրողին, որը պարտավորվել էր այս վայրում հյուրանոց կառուցել:





























