Բրյուսելում ահաբեկչությունների զոհերի թիվը 35-ի է հասել. վիրավորվածներից չորսը մահացել են հիվանդանոցում, հայտնել է երկրի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկը

«Չորս հիվանդներ մահացել են հիվանդանոցներում: Բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ: Զոհերի ընդհանուր թիվը արդեն 35 է»,- գրել է նախարարը Twitter–ում:

Ավելի վաղ հայտնում էին 31 զոհերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելգիայի ՆԳՆ ճգնաժամային կենտրոնի տվյաներով, օդանավակայանում ու մետրոյում պայթյունների հետեւանքով տեղում զոհվել է 31 մարդ, եւս չորսը մահացել են հիվանդանոցում: Այս ցուցակում ներառված չեն երեք մահապարտները:

Ահաբեկչությունների հետեւանքով մահացածների շարքերում կան Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Մարտ 22-ին երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Երրորդ պայթյունն էլ քիչ ավելի ուշ՝ մետրոյի Մալբեք կայարանում:

Դատախազության տվյալներով, մահապարտները Իբրահիմ ու Քալիդ -էլ -Բաքրաուի եղբայրներն էին: Իբրահիմ- էլ -Բաքրաուին օդանավակայանում էր պայթյունը կազմակերպել, իսկ նրա եղբայրը՝ մետրոյում: Նրանց հաջողվել է նույնականացնել մատնահետքերով: Եղբայրները Բրյուսելում էին ծնվել ու Բելգիայի քաղաքացիություն ունեին: Ահաբեկչության եւս մեկ կազմակերպչի անձը դեռ նույնականացված չէ: Շարունակում են որոնել նաեւ այն խմբի անդամներից մեկին, որը օդանավակայանից հեռացել է՝ այնտեղ թողնելով մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերով պայուսակ: Այդ ռումբը չի պայթել, այն ոչնչացրել են սակրավորները: Հարձակումների համար պատասխանատվություն էր ստանձնել ԻՊ խմբավորումը: