ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը դրական է գնահատում կենսաթոշակային բարեփոխումների կառավարության ծրագիրը, որով նախատեսվում է անցում կուտակային համակարգի։ Այս մասին նա ասաց այսօր` սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Այդուհանդերձ, խորհրդականը խոցելի համարեց կենսաթոշակային հիմնադրամների սնանկության դրույթը, որը կարող է կասկածի տակ դնել թոշակառուների կուտակած գումարների հետ վերադարձը։ Ըստ Մանասերյանի՝ կուտակային հիմնադրամների գործունեության ամբողջ պատասխանատվությունը պետք է ընկնի պետության վրա։
Հիշեցնենք, որ կենսաթոշակների պարտադիր ապահովագրմանը Հայաստանն անցում կկատարի 2014 թ. հունվարի 1-ից։ Կստեղծվի կենսաթոշակների վճարման քառաստիճան համակարգ։ Առաջին աստիճանում սոցիալական թոշակ կտրվի այն անձանց, որոնք մինչեւ 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն։ Երկրորդ աստիճանում թոշակի իրավունք են ստանում 5-ից ավելի տարիներ աշխատանքային ստաժ ունեցող անձինք, որոնք ժամանակին կատարել են սոցապհատկացումներ։ Երրորդ աստիճանը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն է։ Չորրորդ աստիճանում թոշակ կտրվի այն անձանց, որոնք կամավոր մուծումներ են կատարել հատուկ հաշիվների վրա։





























