Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից ընկած  եւ մահացած 3-ամյա երեխան եւ նրա կրտսեր եղբայրը ամեն օր տանը հիմնականում մոր հետ են եղել.   երեխաների հայրը տաքսու վարորդ է եւ անընդհատ աշխատանքի է լինում, իսկ երեխաների տատիկն ու պապիկը Երեւանում հողատարածք ունեն եւ ամեն օր այնտեղ են գնում` աշխատելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին շենքի բնակիչները` նշելով, որ դեպքի օրն էլ մայրը  տանը երեխաների հետ մենակ է եղել, երբ որոշել է նրանց քնեցնել եւ գնալ խանութ:

Հարեւանների խոսքով, նա երեխաների նկատմամբ միշտ հոգատար  է եղել, եւ բոլորի համար շատ տարօրինակ է, որ  այդ օրը նրանց մենակ է թողել եւ գնացել խանութ:

«Ինքը շատ լավ աղջիկ է, խելացի, հոգատար, միշտ տեսնում էինք մի երեխուն գրկած մյուսին կալյասկայով միշտ իր հետ ման էր տալիս: Չենք հասկանում` ոնց ա եղել, որ մենակ ա թողել երեխաներին»,-ասացին հարեւանները:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչները նշել էին, որ դեպքի պահին տանը  3-ամյա փոքրիկը իրենից փոքր եղբոր հետ է եղել, երեխաների մայրը փոքրիկներին քնեցրել եւ դուրս է եկել` խանութ գնալու, այդ ժամանակ էլ երեխան արթնացել է, բնակարանի պատուհանը բացել եւ ընկել: Մայրը խանութից վերադարձել է եւ տանը փոքրիկին չի գտել, որից հետո զանգել է ամուսնուն` իմանալու, հնարավոր է, որ այդ ընթացքում ինքն է եկել եւ երեխային դուրս հանել, որից հետո հայրը երեխային շենքի բակում ընկած է գտել:

Երեխային ծնողները շտապ տեղափոխել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո` Երեւանի «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը չի հաջողվել փրկել:

Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ  փոքրիկը ծանր պոլիտրավմա է ստացած եղել եւ հիվանդանոցում մահացել է: