«Բնավ չեմ կարող արդարացնել գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությունը»,- այսօր` սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը։ «Ըստ իս՝ այդ քաղաքականությունը հավասար է զրոյի, կամ ավելի ցածր»,- հավելել է տնտեսագետը։ Նրա կարծիքով՝ մենք ահռելի պոտենցիալ ունեինք գյուղատնտեսությունը զարգացնելու, քանի որ 2004 թ. Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս ազատվել ենք ավելացված արժեքի հարկից, որը գյուղատնտեսության համար կիրառվում է 2009 թ. հունվարի 1-ից։ Թ. Մանասերյանն ասաց նաեւ, որ գյուղատնտեսությունում պետք է տարվի այնպիսի քաղաքականություն, որը կբացառի գնային ցնցումները։ Որպես օրինակ նշվեց կարտոֆիլը, որն անցյալ տարի գերարտադրության պատճառով արժեր 25 դրամ, իսկ այս տարի 10 անգամ թանկ է։