Հայ ազգային կոնգրես կուսակցության վարկանիշի վրա կազդի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանին հանձնաժողովի անդամների տեղեր չտրամադրելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանի շտաբի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես, որպես խոսնակ, բացահայտ ասում եմ՝ ՀԱԿ-ն ամեն ինչ արել է, որ իրենց  հասանելի տեղերը մեզ չհասնի: Իրենք մեզ մերժել են, մեզ տեղ չեն տվել եւ ամեն ինչ արել են, որ չտան: Սեփական թիմի անդամին, սեփական ընդդիմության ներկայացուցչին, Սասուն Միքայելյան անձին մերժելը, հիմնավորում չտալը իրենց վրա ազդելու է  եւ հիմա էլ  շատ բացասական ձեւով ազդում է»,-ասաց Սասուն Միքայելյանի խոսնակը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ՀԱԿ-ի մերժման պատճառն իրենց անհասկանալի է: 

«Անկեղծ ասած՝ չեմ հասկանում դրա պատճառը, ի՞նչ է նշանակում տեղերը չտալը, ի՞նչ է, ամբիցիաների խնդի՞ր է, թե՞ եսասիրության: Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ի 13-րդ համարն է եղել ինչի՞ պիտի այդ տեղերը չստանա, անհասկանալի է»,-նշեց նա:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում արած հայտարարությանը, թե Հրազդանի ՀԱԿ տարածքային կառույցը պաշտպանելու է ինչպես Սասուն Միքայելյանի եւ մյուս թեկանծուների քվեները, Ալեն Սիմոնյանը թարմ օրինակ բերեց:

«Դրան կա փաստի վրա հիմնված պատասխան. ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների ժամանակ հայտարարում էր, որ իրենք 1908 տեղամասից 1700-ում ունեն վստահված անձինք եւ վերահսկելու են քվեները, եւ վերջում հայտարարվեց, որ համատարած ընտրախախտումներ են եղել, բայց բողոքարկվեցին ընդամենը 30-34 ընտրատեղամասում: Սա որպես պատասխան ընդունեք»,-ասաց նա՝ ՀԱԿ-ի հայտարարությունները «դեմագոգիա» անվանելով:

Ջհանգիրյանի պնդմանը, թե Սասուն Միքայելյանը հանդիպել է տարածքային կառույցի ղեկավարին եւ եկել են ընդհանուր հայտարարի, Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ պաշտոնապես հայտնեց, որ որեւէ համաձայնություն չի եղել, ՀԱԿ-ը փաստացի իրենց մերժել է:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ Սասուն Միքայելյանի ջանքերի եւ տարբեր բանակցությունների շնորհիվ իրենց հաջողվել է վստահված անձինք ունենալ 9-ը տեղամասում:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմել էր ՀԱԿ-ին, որ այն տրամադրի հանձնաժողովի անդամների տեղերը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ՀԱԿ-ը սակայն մերժել էր:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին: Իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Միսակյանը եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը: