Մեկ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացվող Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ ոստիկանության հանցավոր անգործության եւ անուղղակի աջակցության պայմաններում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը դեռեւս ազատության մեջ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հաշվի առնելով, որ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառած ոճրագործը ռեժիմի շահառուն է եւ ըստ էության գործել է նրա թելադրանքով, իրավապահ մարմինները նախ օրեր շարունակ իբրեւ թե չէին կարողանում հայտնաբերել նրան, իսկ կալանավորելուց ընդամենը մեկուկես ամիս անց գրավի դիմաց փոփոխեցին նրա խափանման միջոցը եւ արդեն մեկ տարի ձգձգում են այդ պարզունակ գործի նախաքննությունը՝ ոճրագործին հնարավորություն տալով մնալու ազատության մեջ:
Դրան հակառակ՝ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելուց 10 օր անց՝ ապրիլի 7-ին, ռեժիմի քաղաքական պատվերով նախապես՝ դեռեւս փետրվարի 18-ին, անհիմն եւ ակնհայտ ապօրինի կերպով հարուցված քրեական գործով կեղծ մեղադրանքով կալանավորվեցին եւ մեկ ամիս անազատության մեջ պահվեցին Հիմնադիր խորհրդարանի վեց ներկայացուցիչներ՝ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Գեւորգ Սաֆարյանը:
Նրանցից Գեւորգ Սաֆարյանը ռեժիմի քաղաքական որոշմամբ մեկ ուրիշ անհիմն եւ կեղծ մեղադրանքով երկրորդ անգամ կալանավորվեց 2016 թ. հունվարի 1-ին եւ մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Իրենց քաղաքական հայացքների եւ գործունեության համար հանիրավի եւ/կամ ակնհայտ անհամաչափ պատժաչափերով բանտերում են հայտնվել տասնյակ հայորդիներ՝ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները, Վոլոդյա Ավետիսյանն ու Հայկ Կյուրեղյանը:
Ուստի իրավապահ մարմինները պատժիչ գործիքի վերածած եւ քրեական տարրերի վրա հենվող հանցավոր ռեժիմին օրենքի եւ անկախ դատարանի առջեւ պատասխանատվության ենթարկելը շարունակում է մնալ որպես ազգային քաղաքական օրակարգի առաջնային հարց»:



























