«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ունի մի շարք առավելություններ, որոնք մեր օդանավակայանն առանձնացնում են աշխարհի այլ օդանավակայաններից: Այս մասին այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ատբաշյանը:

«Առավելություններ ունի կլոր մասնաշենքը` օրինակ այն կլոր է եւ այդ շենքի մոտ կա 14 ինքնաթիռի կայան, շենքի աշտարակը ուղիղ 61 մետր է, որտեղից դիսպետչերը կարողանում է կառավարել ինքնաթիռի թռիչքի նախապատրաստումը, այլ օդանավակայաններում դա կառավարվում է կամերաների միջոցով: Եկող եւ գնացող ուղեւորների ճանապարհն առանձնացված է` եկողները շենքի մեջտեղով են գալիս, իսկ գնացողները` վերեւից,  որն ավելի հարմարավետ է դարձնում օդանավակայանը: «Զվարթնոցն» աշխարհի չեմպիոն է, քանի որ դռնից մինչեւ ինքնաթիռն ընկած տարածությունն ընդամենը  31 մետր է, իսկ այլ օդանավակայաններում այդ տարածությունը շատ մեծ  է»,-ասաց նա:

Բացի դրական կողմերից, «Զվարթնոցի» կլոր մասնաշենքն ունի նաեւ թերություններ` կառուցելիս այն միայն Սովետական Միության ներքին թռիչքների համար է նախատեսված եղել, որի պատճառով այսօր այն միջազգային օդանավակայանների պահանջներին չի համապատասխանում:

«Կառուցելիս մենք կլոր շենքում շատ ազատ տարածքներ ենք թողել եւ դրանք այսօր կարող են կառուցապատել եւ դարձնել շենք` առանց այն քանդելու, որը 10 անգամ ավելի էժան կնստի: Շենքը լավ որակով է կառուցված եւ այն տեղեկությունները, որ թուլացել է, սուտ են: Նիստ ենք հրավիրել, որին ավիացիայի վետերաններ  են մասնակցել, բոլորի սիրտը ցավում է եւ պատրաստ են անվճար աջակցել հին մասնաշենքի վերակառուցման հարցում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել` ըստ որի  թույլտվություն է տրվել  օդանավակայանի հին շենքի էստակադան քանդելու, ինչի վերաբերյալ քննարկումներ են եղել եւ «բոլոր կողմերը համաձայն են եղել»:

Ճարտարապետները պնդում են, որ դեմ են շենքի որեւէ կերպ ապամոնտաժման, շենքը մշակութային արժեք է ներկայացնում: Օդանավակայանի շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր մտահոգության շուրջ հայտարարություն էր տարածել: Նա նշել է, որ իր համար անակնկալ է եղել քաղաքապետի որոշումը, ինքը դեմ է շենքի ամեն տեսակի՝ թեկուզ մասնակի ապամոնտաժման: