Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ մարտի 29-ին, ներկա չէր իր նկատմամբ հարուցված քրեական գործով վճռի հրապարակմանը՝ այդկերպ փորձելով իր դժգոհությունն արտահայտել դատական համակարգում եւ երկրում տիրող ամենաթողության նկատմամբ:
«Իմաստը ո՞րն էր նիստին մասնակցելու, ընդամենը ժամանակի կորուստ էր: Պետք է իր վճիռը կարդար, գնար: Այսկերպ ես իմ դժգոհությունն եմ արտահայտել այս ամենաթողության նկատմամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստը:
Նշենք, որ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը մեղավոր է ճանաչել Վարդգես Գասպարիին՝ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակելով 450 հազար ՀՀ դրամի չափով տուգանք, որը Գասպարին դեռեւս չգիտի՝ վճարելու է, թե ոչ:
Վարդգես Գասպարին եւ նրա պաշտպանները ներկա չէին վճռի հրապարակմանը:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Վարդգես Գասպարին այս գործով նաեւ կալանավորվել էր, եւ պնդում էր, որ կալանավայրում կտտանքների է ենթարկվել:



























