Ոստիկանությունը վարորդների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերում` մեքենաների ապակիների թաղանթապատման հարցում: Այս մասին այսօր` մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլես» ավտոարտադրողների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` նշելով, որ այս հարցում նույնպես իշխանության ներկայացուցիչներն իրենց բիզնեսն են անում:
«Պլյոնկի գործը վերջացավ, հիմա այլ գործով են զբաղվում` մգեցված գործարանային ապակիներ են արտադրում: Ոստիկանությունն արգելում է ապակիների թաղանթապատումը, սակայն մգեցված գործարանային ապակիները չի արգելում, այսինքն` բազմաշերտ ապակիներին, գործարանայիններին ձեռք չեն տալիս, որոնք նույնպես թաղանթապատվածի տեսանելիություն ունեն, իսկ մգեցվածները հեռացնում են»,-ասաց նա:
«Աքիլես» ԱԻՊԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ նշեց, որ այդ գործելաոճով ոստիկանությունը վարորդների նկատմամաբ անհամաչափ մոտեցում ցուցաբերում:
«Այն ինչ արվում է` հակասում է օրենսդրության նորմերին, նոր Սահմանադրության 16 հոդվածով էլ ասվում է, որ քաղաքացիների նկատմամաբ անհամաչափ մոտեցումն արգելվում է: Սակայն, այս դեպքում տեսնում նեք այդ անհամաչափ մոտեցումը, եթե արգելվում է մգեցված ապակիները, թող արգելվի բոլորի համար եւ տարբերություն չդրվի գործարանայինի եւ թաղանթապատվածի միջեւ: Կոպիտ ոտնահարվում են քաղաքացու իրավունքները»,-ասաց նա:





























