ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Արմավիրի մարզում հանդիպել են ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը եւ Ռազմական բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչները:
Մարզում ապրում են մոտ 3 տասնյակ անհետ կորածների ընտանիքներ:
Ավելի վաղ համանման հանդիպումներ էին կայացել Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերում: Այդ հանդիպումների նպատակն է տեղերում երեւան հանել անհետ կորածների հարազատներին հուզող սոցիալական կամ բժշկական բնույթի խնդիրները: Նախքան հարազատների հետ հանդիպելը ՊՆ ներկայացուցիչներին ու փոխնախարարին ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը ներկայացրեց աշխատանքի հիմնական ուղղություններն ու նպատակները: Մարզպեը վստահեցրեց, որ մարզպետարանը ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի օգնություն ցուցաբերի ինչպես ղարաբաղյան հակամարտության հետեւանքանով անհետ կորածների, այնպես էլ զոհվածների ընտանիքներին:
Փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց խնդիրների լուծման անհատական մոտեցման անհրաժեշտությունը:
Հարազատների հետ հանդիպման ժամանակ բարձրացվեցին աշխատանքի տեղավորման, առողջապահության, սոցիալական հարցերը: Մասնավորապես պարզվեց, որ որոշ դեպքերում բժշկական հաստատությունները հրաժարվում են անվճար բուժօգնություն ցուցաբերել, որը հասնում է անհետ կորածների հարազատներին:
Ջեմմա Բաղդասարյանը նրանց տեղյակ պահեց մի շարք կառավարական ծրագրերի մասին, որոնց նրանք կարող են մասնակցել որպես անհետ կորածների հարազատներ:
Հանդիպումից հետո նրանց զննեցին ռազմական բժիշկները:
































