Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ մարտի 29-ին, քննարկեց երեք  կազմակերպությունների դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր), որոշում, սակայն, չկայացվեց:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նիստից հետո խուսափեց պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք ինքն անձնապես տեսանյութում Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողների հասցեին հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ լսել է, թե ոչ:

«Տեսանյութը նայել ենք, բայց ես հիմա որեւէ բան չեմ ասի, քանի որ օրենքը թույլ չի տալիս: Կշփվենք այն լրագրողների հետ, որոնք միջադեպին ներկա են եղել, եւ կփորձենք նրանցից հավելյալ տեղեկություններ ստանալ, թե ինչ է տեղի ունեցել: Ըստ այդմ էլ մեր վերաբերմունքը կարտահայտենք այս հարցի վերաբերյալ»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը հավելեց, որ պատրաստվում է ապրիլի 4-ին կայանալիք նիստին հրավիրել նաեւ Մհեր Սեդրակյանին:

Նշենք, որ լրագրողական երեք կազմակերպություններ՝ «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները դիմել են ԱԺ Էթիկայի հանձնաժողովին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Ա1+» հեռուստաընկերության տեսանյութը:

Մհեր Սեդրակյանը փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: