Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է Հաղարծինի վանքում ավտոկայանատեղի ստեղծելու շուրջ խոսակցություններին:

Նա, մասնավորապես, իր պարզաբանման մեջ նշել է.

«Հարգելինե՛րս,

Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ եւ մի քանի լուսաբանումներ սփռել, որոնք, կարծում ենք, վերջ կդնեն նման խոսակցություններին: Ցավում ենք, եթե որեւէ մեկին անհարմարություն է պատճառվել, եւ բնականաբար բոլոր թերությունները կշտկվեն, որպեսզի սպասարկումը լինի բարձր մակարդակով: Անշուշտ, մենք պարտք չենք համարում պատասխանելու հայհոյալից ու այլանդակ մեկնաբանություններին ու մեկնաբաններին, այլ պարզապես պատասխանատվություն ենք կրում հստակ կերպով առանց խուսափելու բացատրություններ տալ վերոգրյալի մասին.

1. Ավտոկայանատեղին ստեղծվել է տարածքում անխափան երթեւեկությունը ապահովելու եւ անհարկի խճողումներից խուսափելու նպատակով, որոնք հատկապես ծանրաբեռնված օրերին պարզապես անընդունելի են:

2. Ստեղծվել է լայն հնարավորություն մեքենաների կայանման համար ամբողջ տարածքի երկայնքով: Այս ճանապարհով նաեւ հսկվում են մեքենաները, որի միջոցով հնարավորինս կկանխվեն տեղի ունեցող գողությունները եւ վնասները:

3. Հատուկ ծառայություն է սահմանված հաշմանդամների կամ ֆիզիկական տկարություն ունեցող անձանց համար մեքենաները մինչեւ գրեթե վանքի բակում կայանելու եղանակով:

4. Միեւնույն ժամանակ բարեկարգվում է ամբողջ վանքի տարածքը՝ մաքրելով աղբից եւ թափոններից՝ հանգստավետ միջավայր ստեղծելով բոլորի համար

5. Պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի աղբահանության ընկերության հետ, որպեսզի ամբողջ տարածքը լինի բարվոք եւ աղբազերծ վիճակում:

6. Նախկինում մեկը մյուսի վրա՝ երկկողմանի կայանող մեքենաները լինելու են միակողմանի կայանմամբ, որով կկանխվեն նաեւ հնարավոր վթարները, որոնք շատ հաճախ պատահում են տվյալ տարածքում:

7. Տարածքը սպասարկվում է հատուկ կազմակերպության կողմից, որը տրամադրում է համապատասխան կտրոններ:

8. Սահմանվել է 300 դրամ վարձավճար անժամկետ կայանման համար, որով կվճարվեն սպասարկման ծախսերը:

9. Հստակ հաշվարկներ չունենալով հանդերձ՝ մենք ի նկատի ենք ունեցել նաեւ մեր կրելիք նյութական վնասները, որոնք կարող են ծագել սպասարկման ծախսերը վճարելու հետեւանքով:

10. Եվ վերջապես, նպատակը տարածքում կարգ ու կանոն հաստատելն է եւ քաղաքակիրթ, բարեկիրթ սպասարկման միջոցով մարդկանց հանգիստն ապահովելը:

Վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը մանրամասն բացատրություններ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր դրական մտահոգություններ կունենան այս առումով: Մեր նպատակը եւ ցանկությունը մեր ժողովրդին բարենպաստ եւ բարեկարգ պայմաններով ապահովելն է, ինչպես նաեւ պատշաճ ներկայանալ օտարերկրացի զբոսաշրջիկներին եւ այլ միտումներ բացարձակ չունենք:

Հայցու՛մ ենք ձեր ներողամտությունը սպասարկման որեւէ անհարմարության համար եւ շնորհակալությու՛ն ըմբռնման եւ համագործակցության համար: