Այս տարվա օգոստոսի 1-5-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը  կազմակերպում է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը:

Խորհրդաժողովում քննարկվելու են Սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները եւ Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործի աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:

Խորհրդաժողովի օրակարգի վերաբերյալ ԿԳՆ-ն ակնկալում է մինչեւ ս.թ. մայիսի 1-ը ստանալ Սփյուռքի կրթության եւ դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների եւ անձանց առաջարկությունները: Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը /օրակարգը/ կներկայացվի մինչեւ հունիսի 1-ը:

Կարեւոր է նաեւ նշել թեմատիկ նիստերի ժամանակ որպես զեկուցող հանդես գալու պատրաստակամությունը եւ զեկույցի թեման: Լիագումար նիստերում ելույթի տեւողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ մասնախմբերում` 10 րոպեն:

Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձեւով եւ որին կարող են մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության եւ դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկական ներկայացուցիչներ: Թեմական եւ Ուսումնական խորհուրդները, կրթության եւ դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական եւ համայնքային կազմակերպությունները, հաստատությունները, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ  երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պետք է մինչեւ 2014թ. հուլիսի 1-ը լրացնել կից ներկայացվող հայտը եւ այն փոխանցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:

Մասնակցության եւ ելույթների հարցում նախապատվությունը տրվում է արտերկրի հայ համայնքներում գործող Թեմական եւ Ուսումնական խորհուրդների, կրթության եւ դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական եւ համայնքային կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մեծ նշանակություն է տալիս օրակարգային հարցերի վերաբերյալ պատվիրակությունների նախնական քննարկումների արդյունքների բանաձեւմանն ու ներկայացմանը Խորհրդաժողովում` համապատասխան մասնախմբում զեկույցի տեսքով:

Խորհրդաժողովում կարող են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջեւ քննարկման նյութ դառնալ նաեւ աշխատանքային ծրագրում չընդգրկված եւ տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրական ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում ազգային կրթության եւ դաստիարակության գործի կազմակերպման վրա:

Խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը ստանձնում է մասնակիցների կեցության եւ սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին եւ վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Պարզաբանումների, հավելյալ տեղեկություններ, ինչպես նաեւ առաջարկություններ եւ ելույթներ ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: