Իշխանությունների հետ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը որեւէ կերպ սփյուռքի ցանկությունների հետ կապ չունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը՝ անդրադառնալով վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա մտնելով՝ սփյուռքը մտել է կառավարություն:

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայկական Վերածնունդի արձագանքը ՀՅԴ բյուրոյի անդամի հայտարարությանը

Վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մամուլին տված հարցազրույցում արտահայտել է մի անընդունելի համոզմունք, որ ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա մտնելով՝ սփյուռքը մտել է կառավարություն:

Հարկ ենք համարում պարոն Փափազյանին իրականության դաշտ հրավիրել, հիշեցնելով, որ նա արտահայտել է միանգամից մի քանի ճշմարտությանը չհամապատասխանող մտքեր:

1. ՀՅԴ-ն սփյուռք չէ, եւ սփյուռքը ՀՅԴ չէ: Իրականում սփյուռքը բազմազան է, եւ որքան էլ որ ՀՅԴ-ն պատմականորեն սփյուռքում ունեցել իր կարեւոր դերը եւ նշանակությունը, որը մենք ընդունում եւ հարգում ենք, այնուամենայնիվ չի կարելի նույնականացնել սփյուռքը եւ ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն ընդամենը սփյուռքահայության մեկ մասն է, եւ դրանից ոչ ավելի: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ինչպես Դաշնակցության գործընկեր Հանրապետական կուսակցությունը Հայաստանն է մոնոպոլիզացրել, այնպես էլ ՀՅԴ-ն է սփյուռքը փորձում մոնոպոլիզացնել՝  իրեն ներկայացնելով որպես դրա միակ տերն ու տնօրենը:

2. ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը որեւէ կերպ սփյուռքի ցանկությունների հետ կապ չունի: Այն պարզապես պայմանավորված է հայաստանյան ՀՅԴ վերնախավի իշխանական աթոռներ ձեռք բերելու պատեհապաշտությամբ: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապօրինի ձեւով իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի իշխանությունը հարատեւելու համար, եւ այդ ընթացքում հնարավոր ՀՀԿ ներքին եւ արտաքին մրցակցություններին դիմակայելու նպատակով, Սերժ Սարգսյանին հարկավոր են նոր դաշնակիցներ: Եվ այս դերում հայաստանյան դաշնակցական ղեկավարները տեսան իրենց՝ մոռանալով, որ իրենք այս նույն իշխանություններից հեռացել էին նրանց վարած հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման քաղաքականության պատճառով:

3. Երրորդ եւ ամենացավալի կեղծիքը այն է, որ Մուրադ Փափազյանը ՀՀ իշխանություններին ընդունում եւ ներկայացնում է որպես օրինական իշխանություններ, եւ հպարտանում է, որ իր կուսակցությունը դրա մաս է կազմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթել են ընտրակեղծիքների եւ արյան միջոցով, եւ շարունակում են իշխել ընտրակեղծիքների միջոցով: Դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեն, որը նույնպես ՀՅԴ-ն ներկայացնում է որպես հպարտության արժանի ձեռքբերում, ՀՀ պատմության մեջ ընտրակեղծարարության ամենախայտառակ դեպքերից մեկն էր:

Կեղծիքը, իշխանության ապօրինի զավթումը եւ դրան միանալը որեւէ կերպ սփյուռքի հետ կապ չեն կարող ունենալ եւ սփյուռքի բարօրությանը չեն կարող նպաստել: Սփյուռքը երբեք չի ցանկացել եւ չի ցանկանա մաս կազմել ապօրինի, հանցագործ իշխանության, որը ոտնահարում է իրենց հայաստանյան եղբայրների եւ քույրերի իրավունքները եւ աղքատության է մատնում բնակչությանը:

Ափսոսանք ենք հայտնում՝ տեսնելով ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը, որը ընդունելի չէ ոչ սփյուռքում,  ոչ Հայաստանում եւ ոչ էլ նույնիսկ շարքային ազնիվ դաշնակցականներից շատերի համար: Հարգելով հանդերձ սփյուռքում գործող ցանկացած կուսակցության եւ անհատի սեփական դիրքորոշումը, ՀՅԴ ղեկավարությանը առաջարկում ենք ՀՅԴ-ն չներկայացնել որպես սփյուռք եւ ՀՅԴ կուսակցական քարոզչությունը չներկայացնել որպես սփյուռքի դիրքորոշում: