Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին պետականացնելու մասին նախարարների խորհրդի որոշումը խիստ վիճելի է եւ առաջիկայում թուրքական իշխանությունները ստիպված կլինեն վերանայել այն։ Այս մասին NEWs.am թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանի խոսքով՝ Դիարբեքիրի Սուրի շրջանում թուրքական անվտանգության ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ բախումների հետեւանքով բավականին շատ շենքեր են օգտագործման համար ոչ պիտանի դարձել, սակայն հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին ունենալով բարձր քարե պարիսպներ, նվազագույն վնասներ է կրել։
«Սուրի շրջանում շինությունների պետականացման նախագծի մասին թուրքական իշխանությունները երկար ժամանակ է խոսում են։ Հիմնական թեման այն է, որ Դիարբեքիրի պատմական կենտրոն համարվող Սուրի շրջանը ցանկանում են մաքրել քրդերի կողմից տարբեր ժամանակներում կառուցված եւ վերջին բախումների հետեւանքով կիսաքանդ վիճակում հայտնված շենքերից եւ պետական խոշորագույն շինընկերության միջոցներով շենքեր կառուցել։ Սրանով իշխանությունները փորձում են տարածքը մաքրել իշխանությունների դեմ մշտապես ընդվզող քուրդ բնակչությունից եւ նոր բնակիչներ բերել։
Ինչ վերաբերում է հայ համայնքին պատկանող եւ գործող Սուրբ Կիրակոս եկեղեցին մյուս շինությունների հետ հավասար պետականացնելու որոշմանը, ապա պետք է շեշտել, որ այդ որոշումը դեռ հստակ չէ եւ խիստ վիճելի է։ Նախ, ազգային փոքրամասնությանը պատկանող գործող եկեղեցին առանց իրավական գործընթացների պետականացնելը նույնիսկ Թուրքիայի պարագայում հակաօրինական է։ Այն հակասում է թե ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Լոզանի պայմանագրի դրույթներին, թե Թուրքիայի ներքին օրենքներին։ Բացի այդ, հայկական գործող եկեղեցին պետականացնելը որեւէ կերպ չի համապատասխանում Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից որդեգրած այն քաղաքականությանը, որ ազգային փոքրամասնություններից տարիների ընթացքում պետականացված գույքը պետք է վերադարձվի իրական տերերին։
Նմանատիպ վիճելի որոշման պատճառը հավանաբար շտապողականությունն է եղել եւ վերոհիշյալ փաստերը հաշվի չառնելը։ Այս որոշումը մեծ արձագանք կգտնի եւ թուրքական իշխանությունները ստիպված կլինեն փոխել որոշումը կամ հայտարարել, թե ուղղակի որոշման մեջ սխալմունք է եղել։ Պատահական չի, որ արդեն Թուրքիայի հիմնադրամների վարչության պետը հայտնել է, թե եկեղեցին պետականացվել է այն պահպանելու նպատակով։ Սակայն եկեղեցին պահպանվում էր Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից եւ որեւէ խնդիր չի եղել այս ընթացքում»,-նշեց թուրքագետը։
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։
Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:





























