Լոս Անջելեսից 23-ամյա սեւամորթ սաքսոֆոնահար Ջեյկոբ Սեսնին, որն օրերս համերգային ծրագրով Երեւանում էր, պարզվում է՝ միշտ երազել է Հայաստան գալու մասին։
«Հայաստան գալն իմ երազանքների ցուցակի առաջին տեղում էր։ Այստեղ գալն իմ միակ ցանկությունն էր, եւ ես այս ուղեւորությունը երբեք չեմ մոռանա»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ երաժիշտը։
Սեսնիի խոսքով՝ Հայաստանի մասին լսել է Լոս Անջելեսի «Փոքր Հայաստանից», Գլենդելից, գրքերից եւ տեղեկատվական կայքերից։
«Ամերիկայում շատ քչերը գիտեն Հայաստանի պատմությունը, ես էլ կարեւորում եմ ամերիկացիներին ոչ հատուկ բաներ սովորել։ Սիրում եմ հայերին, իրենց մշակույթը, հայոց հարուստ պատմությունը, որի մասին Արեւմուտքի ժողովուրդը գրեթե չգիտի»,- նշեց երաժիշտը՝ հավելելով, որ Լոս Անջելեսում շատ հայ ընկերներ ունի։
Ջեյկոբ Սեսնիին դուր են գալիս նաեւ հայ հոգեւոր երգերը, հատկապես աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի մատուցմամբ։
«Հայաստանում զբոսնում էի՝ ամբողջ ժամանակ լսելով Տիգրան Համասյանին, ու մտորում էի ձեր երկրի եւ դրա հարուստ պատմության մասին»,-ասաց Սեսնին։
Երեւանաբնակ հայ ջազ երաժիշտների վարպետությունից եւս Սեսնին շատ տպավորված է։
«Երեւանի ակումբներից մեկում ջեմ-սեշըն արեցինք հայ երաժիշտների հետ։ Հիանալի էր պարզապես, երբեք չեմ մոռանա այդ օրը, շատ լավն են հայ երաժիշտները»,-ասաց սեւամորթ սաքսոֆոնահարը։
Ջեյկոբ Սեսնին հավանել է նաեւ հայկական ուտեստները եւ խմիչքները, հատկապես՝ հայկական լավաշը, գինին եւ կոնյակը։
Սաքսաֆոնահարը տպավորված է հեռացել, եւ նպատակ ունի հաճախ այցելել Հայաստան, ավելին՝ ցանկանում է, որ իր հայրենակիցները եւս գան եւ ապրեն այն, ինչ ինքը զգացել է այստեղ։
«Հույս ունեմ, որ առաջիկա 25 տարիների ավելի շատ ամերիկացիներ կայցելեն Հայաստան»,-ասաց երաժիշտը։
Լուսանկարը՝ Ջեյկոբ Սեսնիի ֆեյսբուքյան էջից



























