Քաղաքական դպրոց ստեղծելը կնպաստի քաղաքական ավանդույթների ձեւավորմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն` անդրադառնալով ՀՀԿ-ի քաղաքական դպրոց ստեղծելու որոշմանը:
«Եթե խոսքը լուրջ կադրեր սարքելու դարբնոցի մասին է, ապա հետաքրքիր գաղափար է, օրինակ ժամանակին ես փորձում էի նախաձեռնել երիտասարդական խորհրդարան, այսօր կա այն, բայց այն չի, ինչ ես ենթադրում էի»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա` կուսակցությունները քաղաքական գործիչների ձեւավորման դարբնոց չեն դառնում:
«Կուսակցությունները, ցավոք սրտի, մի կողմից քաղաքական գործիչների ձեւավորման դարբնոց չեն դառնում, մյուս կողմից քաղաքական լրջագույն փորձառություն որեւէ մեկը կարող է ստանալ խորհրդարանում, դրա համար այն ժամանակ մտածում էինք ձեւավորել մեր խորհրդարանի երիտասարդական մոդելը: Եթե քաղաքական դպրոց հիմնելու գաղափարը խարսխված է այն թեզի վրա, որ ստեղծեն այնպիսի ինստիտուտ, որը կնպաստի քաղաքական գործիչների, քաղաքական գիտելիքների, հմտությունների ձեւավորմանը, ապա անկասկած դա օգտակար կլինի»-ասաց նա:




























