«Սու 25» մարտական օդանավը ընկել է Պրիմորիեի երկրամասի Չեռնիգովկա գյուղի տարածքում, հայտնում է ուժային կառույցներում «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ օդաչուն հասցրել է կատապուլտով փրկվել, զոհեր չկան:
«Օդանավը ուսումնամարզական թռիչք էր կատարում: Օդաչուն խցում մենակ էր, հասցրել է կատապուլտով վայրէջք կատարել: Օդանավը ընկել է գյուղական տեղանքում, զոհեր չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է օդանավի վթարի փաստը: Գերատեսչությունից նշել են, որ օդաչուի կյանքին ոչինչ չի սպառնում:
Ընկնելուց հետո օդանավը այրվել է: Իրավապահ մարմիններում նշում են, որ վթարի պատճառների մասին եզրակացություններ անելը վաղաժամ է:
Չեռնիգովկա գյուղի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վովկայի խոսքով երկրի վրա նույնպես զոհեր չկան, գրոհիչն ընկել է բնակելի տներից հեռու: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են ՆԳՆ ու ԱԻՆ աշխատակիցները:




























