Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացված է, ընտրությունների մեխանիզմը վաղուց վերածվել է եւ հետզհետե կատարելագործվում է որպես հանցավոր վարչախմբի վերարտադրության գործիք: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է: Այն սահմանում է պետական կառավարման համակարգի ձեւավորման մեխանիզմը, ուստի ըստ էության սահմանադրության բաղադրիչ է:
Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ դնելը 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելուց հետո ամբողջ ժողովրդի իշխանության յուրացման եւ նրա ինքնորոշման իրավունքի ոտնահարման գործընթացի շարունակությունն է:
Այդ պատճառով սահմանադրական հանրաքվեի օրինակով նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը նույնպես կարող է հնարավորություն ստեղծել հանցավոր վարչախմբին հեռացնելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով ընդդիմության համախմբման ու նրա քաղաքական բեւեռի կայացման համար:
Ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության համախմբումը հնարավոր է նախագծի վերաբերյալ վարչախմբին ներկայացված հինգ պահանջների ընդունումը պարտադրելու նպատակի շուրջ՝ դրանք դիտելով որպես մեկ ամբողջություն եւ բացառելով զիջումները այդ պահանջներից որեւէ մեկի մասով:
Ուստի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է ընդդիմադիր ուժերի ու քաղհասարակության գործնական եւ ակտիվ մասնակցությունը ժողովրդին մոբիլիզացնելու եւ հանրահավաքային շարժման ու քաղաքացիական անհնազանդության քայլերի միջոցով նրա կամքը վարչախմբին պարտադրելու ծրագրի մշակման եւ իրականացման գործում»:




























