Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել Զաքար Սահակյանին, որն անցած տարվա սեպտեմբերի 1-ին վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով 15-ամյա դուստրը մահացել էր: Դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Զաքար Սահակյանը դեպքի օրը եղել է ալկոհոլային հարբածության վիճակում եւ վարել է Ս.Գեւոնյանին պատկանող ավտոմեքենա: Սահակյանը 15-ամյա դստեր հետ երթեւեկել է Արագած-Ծաղկաշեն միջհամայնքային ավտոճանապարհով, թույլ է ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել երթեւեկելի մասի սահմաններից, վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով դուստրը մահացել է:
Զաքար Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 23:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Վթարի հետեւանքով վարորդի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ Ապարանի, ապա Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:





























