«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է.
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գնահատականներով գործող վարչախումբն իր իշխանավարման ընթացքում ամբողջապես կազմաքանդեց ընտրական համակարգը, որի վերջին հանգրվանը 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեն էր, իսկ ընտրական օրենսգրքով հայտ է ներկայացվում քրեաօլիգարխիկ համակարգի անփոփոխելիությանը: Պլանավորված հրեշավոր ծրագիրը կանխելու միակ ճանապարհն իրական ընդդիմադիր ուժերի եւ ժողովրդի համատեղ ակտիվ պայքարն է:
Այդ ճանապարհին Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կարող է դառնալ տվյալ համագործակցության լավագույն փորձությունը:
ԺՀԿ-ն համոզված է, որ Սասուն Միքայելյանն իր անցած ճանապարհով, Հայրենիքի նվիրվածությամբ կարող է դառնալ ընդդիմության համախմբման մերանը եւ Հրազդանի ժողովուրդը, տեսնելով միասնականություն, կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը», տեր կկանգնի քվեին եւ կունենա իր քաղաքապետին ի դեմս Սասուն Միքայելյանի»:




























