Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում և տեղափոխվել օդանավակայանի տրանսպորտային ոստիկանության վարչություն, հաղորդում է Contact.az-ը:

Այլիսլին ավագ որդու՝ Նաջաֆի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ՝ Incroci Di Civilta գրքերի փառատոնին մասնակցելու, որը կայանալու է մարտի 30-ից ապրիլի 1-ը:

Նա պետք է թռչեր առավոտյան տեղի ժամանակով 5։11-ին, «Լյուֆթհանզա» ավիաընկերության չվերթով, սակայն սահմանապահները թույլ չեն տվել՝ հայտարարելով, որ նրա համար երկրից դուրս գալու արգելք կա, հայտարարել է գրողի կինը՝ Գալինա Այլիսլին։

Ադրբեջանում և արտերկրում հայտնի 78-ամյա գրող Աքրամ Այլիսլին բռնությունների եւ հարձակումների է ենթարկվել 2013 թվականից, երբ հրատարակել է իր եռամաս գիրքը, որտեղ խոսվում է Ադրբեջանի խորհրդային և ներկայիս իշխանությունների քաղաքական բարքերի մասին։

Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլիի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել հայերի ջարդերի մասին պատմող նրա «Քարե երազներ» գրքի լույս ընծայումից հետո։ «Քարե երազներ» վեպը գրվել էր դեռ 2006-ին,  2012թ. ռուսերենով հրատարակվել էր «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում: Հեղինակն ինքն  էր թարգմանելկ ռուսերեն: Այլիսլիի խոսքով՝ մայրենի լեզվով հրատարակությունը պետք է լույս տեսներ մոտ ժամանակներում:

Ստեղծագործությունն Ադրբեջանում վրդովմունքի ալիք էր առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերներին բարկացրել էր հայերին պատկերող կարեկցող տոնը: Նրան զրկել էին «ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից: Գրողի կինն ու որդին հեռացվել էին աշխատանքից:  Քննարկվել էր նրան նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը:

Ավելին, Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսիլիի  սկանդալային գրքի շուրջ կրքերը միջնադարն են հիշեցնում:  «Ժամանակակից մուսավաթ» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կպարգեւատրեն գրողի ականջը կտրողին: