Հայաստանի հանրապետական կուսակցությունը սկիզբ է դրել երեք նոր ծրագրերի, որոնց նպատակն է ներկուսակցական փոփոխությունների եւ բարեփոխումների միջոցով ամրացնել կուսակցության կազմակերպական եւ ինտելեկտուալ կարողությունները եւ լավագույնս նախապատրաստվել ինչպես գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հաջորդ քաղաքական զարգացումներին: Այս մասին այսօր` մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

«ՀՀԿ գործունեության կարեւորագույն նպատակն է Հայաստանի քաղաքացիներին ներկայացնել մրցունակ քաղաքական ծրագրեր: Այդ ծրագրերը առաջնահերթության կարգով արժանացնել մեր քաղաքացիների վստահությանը եւ հետո կյանքի կոչել  դրանք`այս փուլում ստանձնելով  քաղաքական ավանգարդի դերակատարը»,-նշեց Աշոտյանը: 

Առաջին կարեւոր որոշումն, ըստ Աշոտյանի, Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց ստեղծելն է, որի նպատակն է շարունակական եւ լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների եւ համակիրների կազմակերպական, քաղաքական եւ ինտելեկտուալ կարողությունները: 
«Վստահ եմ, որ դպրոցը կայանալու է, եւ մի գեղեցիկ օր կդառնա առանձին գործող կենտրոն: Սա նոր ճանապարհի սկիզբ է, որը զարկ է տալու քաղաքական վերլուծական մտքին` դառնալով Հայաստանի ուղեղային կենտրոն»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը: 

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ստեղծել արտաքին կապերի նոր հանձնաժողով, քանի որ անհրաժեշտությունը կա ինտելեկտուալ մակարդակով համակարգել կուսակցության ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային եւ եվրոպական համաժողովներին: Երրորդ կարեւորագույն որոշումը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, կուսակցության նոր ծրագրի մշակումն է, ինչի նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի ինքը` Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը: 

«Կուսակցության ծրագրի վերանայումը հույժ կարեւոր է` ելնելով նոր սահմանադրական իրադրություններից եւ նոր մարտահրավերներից: Այն պետք է համահունչ լինի ներկային եւ ուրվագծի ապագան»,-ասաց Աշոտյանը: 

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այս երեք որոշումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: