2015թ. հունվարի 5-ին մարտական հերթապահության ժամանակ մահացած պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանի գործով ամբաստանյալ Նորիկ Գրիգորյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գրիգորյանի փաստաբան Արկադի Իսրայելյանը: «Նախաքննության ընթացքում մենք դիրքորոշում ենք հայտնել, որ համաձայն չենք ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի հետ, այն է, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Իհարկե, իմ պաշտպանյալն ընդունել է, որ ինքն է կրակել, սակայն դա արել է՝ կարծելով, որ կարող է՝ հակառակորդի զինծառայող է: Նորիկ Գրիգորյանը դիտավորյալ չի կրակել, պատահականություն է եղել»,- ասաց Արկադի Իսրայելյանը:

Փաստաբանի խոսքով, եթե եղել է կանոնների խախտում, ապա միայն վերադասի կողմից, քանի որ առաջին անգամ հերթափոխի դուրս եկած զինծառայողներ Նորիկ Գրիգորյանին ու Հովհաննես Սիրունյանին դիրքերում թողել են մենակ:

«Այս փաստը, սակայն, նախաքննության ընթացքում քննության չի առնվել»,- ասաց նա:

Նշենք, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է դեռեւս անցած տարվա մայիսին, դատաքննության սկսվելուց ամիսներ անց դատավորը փոխվեց: Նոր նշանակված դատավորն առաջին նիստի օր է նշանակել ապրիլի 7-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Գրիգորյանը 2015թ. հունվարի 5-ին շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ 15 րոպե թողել է հենակետը, որից հետո վերադառնալով, շարունակել է դրսեւորել անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք մարտական հերթապահության նկատմամբ: Նույն օրը ժամը 21.55-ի սահմաններում, լսելով գետնատնակի մոտակայքում շների հաչոց եւ կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել, վերցրել է  ինքնաձիգը, լիցքավորել այն եւ երբ պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Ն.Գրիգորյանը կրակել է Կ.Միրզոյանի ուղղությամբ: Վերջինս որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումից մահացել է:

Նորիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Հովհաննես Սիրունյանին՝ ՔՕ 365-րդ հոդվածի 2-րդ մասով: Նորիկը կալանավորված է, իսկ Հովհաննեսի համար խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: