Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ջանիբեկ Ղազարյանի եւ մյուսների հայցի քննությունն ըննդեմ «Ռուսալ-Արմենալ» ընկերության։ «Ռուսալ Արմենալ»-ի 117 բանվորներ պահանջում են վճարել հավելավճարներ՝ 2004 թ. փետրվարի 1-ից մինչեւ 2008 թ. սեպտեմբեր ժամանակահատվածում առանձնապես վտանգավոր արտադրամասում աշխատելու համար։ Այսօրվա նիստը թվով երրորդն էր, որով հավանաբար կավարտվի նախաքննության փուլը։
Բանվորների շահերը պաշտպանող դատապաշտպան, «Լեվ Գրուփ» ընկերության ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանն առաջին անգամ հրապարակեց հօգուտ բանվորների բռնագանձման ենթակա գումարի մեծությունը՝ 205,1 մլն դրամ (մոտ 550 հազ. դոլար)։ Նշենք, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից մինչ այդ անցկացրած ստուգումների արդյունքում պարտքը կազմում էր 95 մլն դրամ (մոտ 250 հազ. դոլար)։ Սակայն դատապաշտպանը բռնագանձման ենթակա գումարը հաշվարկելիս հիմք է ընդունել ընկերությունից ստացված տեղեկանքները։ Դատապաշտպանը պահանջեց նաեւ նշված գումարի վրա տոկոսներ հաշվարկել՝ ըստ բանկային տոկոսադրույքների։
«Ռուսալ Արմենալ»-ի շահերը ներկայացնող Գեորգի Խաչատրյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ նոր ապացույցների ուսումնասիրության համար, ինչը հարուցեց նիստին ներկա մոտ տասնյակ բանվորների դժգոհությունը։ Սակայն դատավոր Արամյանը պատասխանող կողմի պահանջը համարեց «ողջամիտ» եւ 3 շաբաթ ժամանակ տրամադրեց։ Սա արդեն դատական նիստի հետաձգման երկրորդ դեպքն է, սակայն դատապաշտպան Լ. Բաղդասարյանը դրանում առայժմ արհեստական ձգձգման միտում չի տեսնում։
Դատական նիստի ավարտից հետո «Ռուսալ Արմենալ»-ի ներկայացուցիչը հրաժարվեց մամուլի համար մեկնաբանություն անել, իսկ դատապաշտպան Լ. Բաղդասարյանն ասաց, որ ձեռք բերված ապացույցները եւ գործի մյուս հանգամանքները բավարար են բանվորների պահանջը բավարարելու համար։





























