Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով կարեւոր վկաներից Արամ Արամյանը մարտի 29-ին դռնփակ նիստի ժամանակ նշել է, որ ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանին չի ճանաչում եւ նրա անունն առաջին անգամ է լսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
«Նա ասաց, որ Նարեկին չի ճանաչում, իսկ նրա անունն առաջին անգամ լսել է դատարանում: Մինչեւ այս պահը, որ Նարեկն առնչություն է ունեցել այս գործի հետ, ոչ մի ապացույց չկա, բայց ինչ-որ հաստատված հանգամանքների մասին է խոսվում, որոնք կարծես՝ Նարեկի դատավճիռը լինեն»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով կարեւոր վկաներից մեկն մարտի 29-ի դռնփակ նիստին չի ներկայացել:
Նշենք, որ մարտի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաննեի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց հաջորդ նիստը դռնփակ անցկացնել, որպեսզի վկաներ Արամ Արամյանն ու Գրիգոր Գրիգորյանը հարցաքննվեն:
Հաջորդ դռնփակ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:
Գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին է, որն ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել է Արսեն Առուշանյանին, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արսեն Առուշանյանը Նարեկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակում է, եւ կալանավայրում արտագնա նիստում կհարցաքննվի։





























